«1903 թվականին Կոմիտասը 34 տարեկան էր: Նա Արևմտյան և Արևելյան Հայաստանի գյուղերից հավաքել էր մոտ 2000 երգ: Հայության մեջ և աշխարհում տարածելու համար ընտրում է դրանցից 100-ը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, նշելով, որ գումար չլինելու պատճառով Կոմիտասն իր ընտրած երգերը չի կարողանում հրատարակել, փոքր գրքույկներով տպագրում է դրանց բառերը: «Մշակութային վերածնունդ» կազմակերպությունը 110 տարի անց որոշել է լույս ընծայել Կոմիտասի ընտրած երգերը՝ երկու հիսնյակը, ինչպես ինքն էր կոչել ու վերնագրել դրանք «Հազար ու մի խաղ»»:
Արթուր Շահնազարյանի բնորոշմամբ՝ դրանք ոչ թե երգեր են, այլ բնության օրենքներ, մեր ազգի գենետիկայի բջիջները, ամեն երգն իր մեջ պարփակում է որոշակի տեղեկություն, որ գալիս է դարերի խորքից և մեր ազգի արյան կանչի, ոգու արտահայտությունն է. «Ժողովածուում կան աշխատանքային երգեր, սիրո, հարսանյաց, բնության, մանկական և այլն: Այստեղ արտահայտված են մեր ամբողջ էությունը, մեր կյանքը, ապագան, անցյալն ու աշխարհայացքը: Այս երգերը հեշտ չէ հասկանալ: Այս երգերը չի կարող հասկանալ մի մարդ, ում աշխարհայացքը սահմանափակվում է ասֆալտով, փակ տարածքով, ուտել-խմելով»: Բանախոսը նկատեց, որ համաձայն կոմիտասյան երգերի փիլիսոփայության՝ մեր բնաշխարհը և հայ մարդը առանձին չեն իրարից, հողը, բնությունը, կենդանի շնչող էակ են: Հայ մարդն իր հայրենիքի շարունակությունն է. «Կոմիտասը համոզված էր, որ երգը բնության ստեղծածն է: Երբ գյուղացին երգում է հողի երգը, ոչ թե ինքն է երգում, այլ հողը երգ ունի, և հենց այդ հողի երգն է անցել մեր արյան մեջ: Մութ տարիներին մեր հրաշք երգերի փոխարեն հնչեցնում էին «Я ворона», բայց մեր սերունդը չփչացավ, նրա գենետիկան հաղթեց»:
Կոմիտասը գրառել է մոտ 3000 երգ։ Պահպանվել է 1500-ը, այսինքն՝ մոտ 1500-ը համարվում է կորած: 1500-ից 1200-ը ընդհանրապես չի հնչել:
«Իրատեսը» հետաքրքրվեց՝ նոր ժողովածուում տեղ գտած երգերը ծանո՞թ են հանրությանը, եթե ոչ, ի՞նչ է արվելու դրանք տարածելու համար:
«Մի փոքր մասը ծանոթ է, հայտնի երգերը կան՝ «Ծիրանի ծառ», «Հով արեք, սարեր ջան», «Կռունկ», «Մոկաց Միրզա», «Գարուն ա, ձյուն ա արել»,- ասաց Արթուր Շահնազարյանը:- Հայտնի են այն երգերը, որոնք Կոմիտասն իր կենդանության օրոք հրատարակել է, ընդգրկել իր երգչախմբի երգացանկում: Դրանք ինքնաբերաբար տարածվել են, հարյուրավոր հրաշալի երգեր դուրս են մնացել»: Հարց հնչեց՝ ինչո՞ւ երաժշտական խմբերը չեն անդրադառնում կոմիտասյան անհայտ երգերին: Բանախոսի պարզաբանմամբ՝ դրանք միաձայն երգեր են, Կոմիտասը չի բազմաձայնել: Հայ երաժշտությունը մոնոդիկ է, ինչը հատուկ է հին ազգերին, բազմաձայնությունը ավելի շատ վայրենիների մեջ է տարածված եղել. «Սա ոչ թե լավի-վատի հարց է, այլ մտածողություն: Նույն մտածողությունը Նարեկացին ունի գրականության մեջ»:
Հավելենք, որ նոր գրքում նշված են նաև երգերի լատիներեն տառադարձումները: Դրանք կարող են երգել օտարները, նաև սփյուռքահայերը, որ չեն կարողանում կարդալ հայերեն:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ